Ապարանում պտտահողմ է գրանցվել․ կան տուժածներ և ավերածություններ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Ապարանում պտտահողմի հետևանքով շենքեր են վնասվել, 4 մարդ տուժել է։
Ինչպես հայտնում է Արագածոտնի մարզպետարանը, Ապարանն այս պահին հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։
Տեղում այս պահին աշխատում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, մարզպետի գլխավորությամբ աշխատում են նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները։ Վնասի չափերը ճշտվում են։
Ինչպես հայտնել է Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` պտտահողմի հետևանքով 4 մարդ վնասվածք է ստացել, վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան։