ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել պակիստանցի Ալթաֆ Հանանիի ստեղծած միջազգային ֆինանսական կազմակերպության դեմ, որը փողեր էր լվանում հանցավոր խմբավորումների, այդ թվում նարկոբիզնեսի և ահաբեկիչների պատվերով։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը, պատժամիջոցներն ընդունվել են նաև Al Zarooni Exchange արտարժույթի փոխանակման մասնաճյուղի նկատմամբ, որը գտնվում է Արաբական միացյալ էմիրություններում։
«Հանանիի` փողերի լվացման կազմակերպությունը ֆինանսական ինստիտուտների հետ իր կապերն օգտագործում է ամբողջ աշխարհով միլիարդավոր դոլարներ փոխանցելու համար ահաբեկիչների, թմրավաճառների և հանցավոր խմբավորումների շահերը բավարարելու նպատակով»,– ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հանցագործությունների ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Ադամ Զուբինը։
Նա հիշեցրել է, որ կազմակերպության առաջնորդ Հանանիին սեպտեմբերին ձերբակալել են ԱՄՆ իրավապահ մարմինները։
Ամերիկյան տվյալներով, Հանանիի «փողերի լվացման պրոֆեսիոնալ ցանցը» ֆինանսական կանխիկացումներ է կատարել Պակիստանի, ԱՄԷ–ի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի և այլ երկրների միջև։ Այն սպասարկել է «հաճախորդների լայն շրջանակի, ներառյալ չինական, կոլումբիական և մեքսիկական կազմակերպված հանցավոր խմբավորումներ և առանձին անձանց, ովքեր կապված են «Հըզբոլահ» խմբավորման հետ, ինչպես նաև «Թալիբան» շարժումը», հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Պատժամիջոցներին համապատասխան, ամերիկյան ընկերությունների և անհատների ցանկացած կապը դրա հետ արգելված է, իսկ դրա ակտիվները Միացյալ Նահանգների բանկերում հայտնաբերելու դեպքում կսառեցվեն։ -0-