Աբովյանում դանակահարություն է տեղի ունեցել, վիրավորներից մեկը մահացել է

10.11.2025, 20:36
Աբովյանի Հանրապետության փողոցում դանակահարություն է տեղի ունեցել․ կա զոհ
Աբովյանում դանակահարություն է տեղի ունեցել, վիրավորներից մեկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 10  նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:30-ի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչություն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ դանակահարության հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի: 
  
Տեղում բժիշկները ոսիկաններին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուսը գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: 
 
Մինչ բժիշկները պայքարում էին 2-րդ վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, և ժամանելով դեպքի վայր, այնտեղ և հարակից՝ Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր: 
 
Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը: 
 
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են մահացածի, վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները։

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողների ինքնությունները ճշտելու, նրանց և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: 
 
Կայքի տեղեկություններով՝ մահացածը 24-ամյա Սարգիս Զ.-ն է: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։