«Զիլ»-ի վարորդը կորցրել է կառավարումը. նոր մանրամասներ` ողբերգական ավտովթարից (ՎԻԴԵՈ)

22.07.2024, 15:11
Տեսանյութ Երևանում 3 մարդու կյանք խլած ավտովթարի վայրից․ ՎԻԴԵՈ
«Զիլ»-ի վարորդը կորցրել է կառավարումը. նոր մանրամասներ` ողբերգական ավտովթարից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ 2024 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 09։58-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 45 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, վերջինիս վարորդի կողմից կառավարումը կորցնելու հետևանքով, բախվել է այլ մակնիշների 7 տրանսպորտային միջոցների։ Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 3 հոգի մահացել է, 1 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից։ 

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Դավիթ Բեկի պողոտայում խոշոր և ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել։ Վթարի հետևանքով կան զոհեր։ 

Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 22-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում պատահարի մասնակիցների ինքնությունները, ինչպես նաև ողբերգական ելքով վթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

Նախաքննությունը շարունակվում է, հետագայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։