Երևանում տղամարդն «էլեկտրաշոկով» բռնություն է գործադրել օտարազգի մարմնավաճառի նկատմամբ՝ հափշտակելով գումարը և հեռախոսը

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում տղամարդն «էլեկտրահարող» սարքով բռնություն է գործադրել օտարազգի մարմնավաճառի նկատմամբ՝ պահանջելով գումար, հեռախոս և փաստաթղթեր։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ՝ 2023թ․ նոյեմբերի 5-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, տղամարդը Բելառուսի քաղաքացի կնոջ ծառայություններից օգտվելու պատրվակով՝ գլխարկով, դիմակով և ձեռնոցներով մուտք է գործել նրա կողմից վարձակալված բնակարան, իսկ երբ կինը բացել է դուռը՝ տղամարդն անմիջապես նրան հրել և գցել է գետնին, ապա ոտքով սեղմել նրա դեմքը եւ էլեկտրահարող սարքով երկու անգամ էլեկտրահարել մեջքի հատվածից։
Հաջորդիվ՝ տղամարդը սպառնացել է՝ շարունակել բռնություն գործադրել էլեկտրահարող սարքով և ներարկիչով՝ պահանջելով իրեն տրամադրել ողջ գումարը, որից հետո կինը տվել է իր մոտ առկա 220,000 ՀՀ դրամը, 400 ԱՄՆ դոլարը և «Iphone 11» մոդելի բջջային հեռախոսը։
Տղամարդը, սակայն, չի հավատացել, որ կնոջ մոտ այլևս գումար չկա, կապել է նրա ձեռքերն ու ոտքերը՝ սկսելով էլեկտրահարել և շարունակել փնտրել գումարներ, ապա նկատել է կնոջը պատկանող՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, որը հափշտակել է և հեռացել։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը մեղադրվում է ավազակության և փաստաթղթեր հափշտակելու մեջ։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, գրավը և բացաակայելու արգելքը: