Երևանում ծեծկռտուքն ավարտվել է երիտասարդի դանակահարությամբ

23.09.2024, 13:45
Դանակահարություն՝ Երևանի կենտրոնում
Երևանում ծեծկռտուքն ավարտվել է երիտասարդի դանակահարությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 03:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 19 հասցեի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել, և կա վիրավոր։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժին, որ «գոտկատեղի, մեջքի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ դանակահարության հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 36-ամյա Մ․ Ղ․–ն է։ Պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Խորենացի փողոցի 2-րդ փակուղուց։

Ըստ բժշկի՝ վերջինիս մոտ ախտորոշվել է նաև «աջ վերին վերջույթի արմնկային, ափային և ձեռքի թիկնային մակերեսների, ձախ վերին վերջույթի արմնկային և ձեռքի թիկնային մակերեսների, ձախից գոտկային շրջանի ծակած-կտրած վերքեր»։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ ՔրՕր-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ ժամերի ընթացքում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են դեպքի հանգամանքները, ինչպես նաև կասկածյալի ինքնությունը։

Ըստ տեղեկությունների՝ Մ. Ղազարյանին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ 29-ամյա Հ․ Ա․–ն է։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հ. Ա․–ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։