ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան և Տիչինա փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։
Շտապօգնության բժիշկները հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու՝ 1 կնոջ և 1 տղամարդու։
Տիչինայի փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել են Lada և Opel մակնիշի ավտոմեքենաներ, դրսում էլ՝ արնանման հետքեր և ատրճանակ։
Դեպքի փաստով՝ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Կայքի հաղորդմամբ, վիրավորները ամուսիններ են, որոնց ամուսնալուծության հարցը դատարանում է։ Նրանք բաժանված են։ Եվ այսօր ամուսինը Lada-ով եկել է նշված վայր, կանգնել Opel-ի առաջ, որը տաքսի է, իջել է ավտոմեքենայից և 2 կրակոց արձակել կնոջ ուղղությամբ, ապա 1 հատ էլ կրակել է իր ուղղությամբ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում