Երևանում Nissan–ի վարորդը չի ենթարկվել պարեկի «կանգառ» հրահանգին, հարվածել է պարեկի մեքենային և դիմել փախուստի. հնչել են կրակոցներ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հունիսի 23-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկը կասկածանքով Արին Բերդի փողոցում փորձել է կանգնեցնել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել պարեկի օրինական «կանգառ» հրահանգին, դիմել է փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային։
Պարեկները, տեսնելով որ վարորդը չի ենթարկվում և դիմում է փախուստի, հետապնդել են մինչև Մանթաշյան փողոց, որտեղ «Nissan Teana»-ն բախվել է «Opel» մակնիշի ավտոմեքենային։
Հետապնդման ընթացքում պարեկի կողմից կրակոց է արձակվել «Nissan Teana»-ի առջևի ձախ անվադողի ուղղությամբ, իսկ երբ «Nissan»-ը բախվել է պարեկային ավտոմեքենային, անվտանգության բարձիկը բացվել է, ինչի պատճառով էլ պարեկները հոսպիտալացվել են։
Արին Բերդի փողոցում հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ։
Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկներն օգնություն են ցուցաբերել վթարված «Opel»-ի վարորդին։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը, որն արձանագրել է տեսախցիկը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

