Երևանի տներից մեկի բակում տղամարդու դի է հայտնաբերվել է, կողքին էլ՝ ինքնաձիգ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հունվարի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աթոյան փողոցի տներից մեկի բակում կրակոցի ձայն է լսվել։
Ոստիկաններն ու պարեկները Աթոյան փողոցի նշված հասցեում՝ բակում, հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ հրազենային վնասվածքով։
Դիակի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվածը ինքնասպանություն է։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի 24-ամյա Դավիթ Ա.-ն է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։