Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել

16.12.2022, 14:14
Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել
Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի¬-Արմենիա/. Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 33/1 շենքի բակում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում։

Մինչ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը կփոխանցեին ոստիկանության Կենտրոնական բաժին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ թվով 10 հոգի նշված փողոցում վիճաբանում են, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Պարեկները նշված վայրում նկատում են, որ մի խումբ անձինք վազում են, իսկ նրանց հետևից մի քաղաքացի ատրճանակով զինված, կրակոցներ օդ արձակելով, հետապնդում է նրանց։

Պարեկները, վտանգելով իրենց կյանքը, մոտենում են այդ քաղաքացուն և հրահանգում, որպեսզի նա ցած դնի ատրճանակը և ներկայանա իրավապահներին։
Այդ քաղաքացին տեսնելով, որ չի կարող այլևս ճողոպրել, զենքը ցած է դնում, որից հետո պարեկները նրան և ևս 3 հոգու կարողանում են բռնել ու տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել են «Բերետա» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 11 փամփուշտով, կրակված 1 հատ գնդակ, 4 հատ պարկուճ։

Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են նաև նշված շենքի 4-րդ հարկի եվրոպատուհանի վրա կրակոցի հետք, բնակարանում էլ հայտնաբերվել է կրակված գնդակը։
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Փարպեցի փողոցի 26 շենքի բակում, որն այնուհետև շարունակվել է Մաշտոցի պողոտայի նշված հասցեում։ Պարեկների կողմից ոստիկանություն են տեղափոխվել Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Դավիթ Չ․-ն, 17-ամյա Տիգրան Չ․-ն, 35-ամյա Վահան Գ․-ն և 38-ամյա Սիմոն Հ-ն։

Դեպքի փաստով՝ խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-