Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել․ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 11 պարկուճ

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հուլիսի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եզնիկ Կողբացի փողոցում կրակոցներ են հնչել։
Ոստիկաններն ու պարեկները Ե. Կողբացի 49 շենքի դիմացից և մոտ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ դեպի Ամիրյան փողոց, հայտնաբերել են ատրճանակից կրակված 11 պարկուճ։
Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կան տուժած կամ տուժածներ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։