Երևանի հիվանդանոցներից մեկում կինը ջրի փոխարեն ախտահանիչ նյութ է խմել ու մահացել

14.11.2024, 10:16
Երևանի ԲԿ–ներից մեկում կինը ջրի փոխարեն ախտահանիչ նյութ է խմել ու մահացել
Երևանի հիվանդանոցներից մեկում կինը ջրի փոխարեն ախտահանիչ նյութ է խմել ու մահացել

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում:

Hraparak.am–ի հաղորդմամբ, 68-ամյա կինը հիվանդանոցում հետազոտվելուց հետո ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութ է խմել և տեղում մահացել:

«Հրապարակ»–ին պատմել են, որ կինը «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ է գնացել հետազոտվելու, հետազոտությունից հետո ծարավ է եղել և ջուր է խնդրել, ապա շփոթմունքի, թե ինչ որ մեկի անփութության պատճառով ինչ որ շշից խմել է, որի մեջ պարզվել է, որ սարքերն ախտահանելու համար նախատեսված հեղուկ է եղել և մահացել:  

Կնոջ ընտանիքը կատարվածից շոկի մեջ է: Կնոջ հարազատները բուժաշխատողներին են մեղադրում, որ անուշադրության են մատնել հիվանդ կնոջը, սակայն «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից պնդում են, որ մահացած կնոջ ազգականի ներկայությամբ է տեղի ունեցել դեպքը, ակնարկելով, որ հարազատը պետք է ուշադիր լիներ: 

«Հրապարակ»–ին իվանդանոցից պատասխանել են։ 

«Նոյեմբերի 8-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» դժբախտ դեպք է տեղի ունեցել։ 68-ամյա պացիենտը, ով տևական ժամանակ է՝ բուժումներ է ստանում հիվանդանոցում, հերթական ՀՇ (համակարգչային շերտագրում) անցնելու ժամանակ հետազոտության սենյակում՝ հարազատի ներկայությամբ ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութից է խմել։ Պացիենտը վերցրել է ջրի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման բաժակ համապատասխան սարքից և սենյակում դրված փակ, հատուկ մակնշված շշից լցրել և խմել է բարձր մակարդակի վարակազերծիչ նյութից: Նրան անմիջապես տեղափոխել են Վերակենդանացման բաժանմունք, կատարել համապատասխան ռեանիմացիոն գործողություններ, սակայն պացիենտը մի քանի ժամ անց մահացել է։ Դեպքով զբաղվում են իրավապահները», - նշում են «Միքայելյան վիրաբուժության» ինստիտուտի հանրային կապերի բաժնից: