Երևան–Գյումրի ճանապարհին Opel–ը կողաշրջվել է ու բախվել սյանը, ուղևորներից մեկը մահացել է (ՎԻԴԵՈ)
18:19
11 Հունիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. հունիսի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս՝ 88-րդ կմ հատվածում՝ Շիրակի մարզի Լանջիկ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով բախվել կամուրջի բետոնե սյանը, ինչի հետևանքով վարորդը և նույն ավտոմեքենայի սրահում գտնված երկու անձինք ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել «Գյումրու բժշկական կենտրոն», որտեղ ուղևորներից մեկը, գիտակցության չգալով, նույն օրը մահացել է, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկու անձ ճանաչվել է տուժող:
«Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ և ավտոմեքենայում գտնված անձանց հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախաքննությունը շարունակվում է:
Դեպքի հանգամանքները, ականատես վկաների առկայությունը պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–