Ողբերգություն՝ Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց է տեղափոխվել 4–ամյա երեխա, ով ԲԿ–ում մահացել է

02.12.2024, 13:11
Երևանում մանկապարտեզից ԲԿ տեղափոխված 4–ամյա փոքրիկը մահացել է
Ողբերգություն՝ Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց է տեղափոխվել 4–ամյա երեխա, ով ԲԿ–ում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է:  

Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:  

Ոստիկանները պարզել են, որ երեխան աղջիկ է՝ 4 տարեկան, ով շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:
 
Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 4-ամյա Նատալի Ե.-ն է:

Դեպքի փաստով «սպանութուն» հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։