Ողբերգական վրաերթ՝ Երևանի կենտրոնում․ Mercedes–ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ սեպտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի հաղորդմամբ, վրաերթը է տեղի է ունեցել այն վայրում, որտեղ մի քանի մետր հեռավորության վրա կան և՛ վերգետնյա, և՛ ստորգետնյա անցումներ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

