Ողբերգական ավտովթար Երևանում. վարորդի 31–ամյա նշանածը տեղում մահացել է

16.10.2023, 10:17
Վարորդի 31–ամյա նշանածը տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար Երևանում. վարորդի 31–ամյա նշանածը տեղում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 14–ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը, ժամը 20։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ «Եվրոպա-Վերսալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, առկա է վառելիքի արտահոսք։

Շտապօգնության աշխատակիցները տեղում արձանագրել են ուղևոր Յ․ Խ․-ի (ծնված 1992թ.) մահը, իսկ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհաի լվացման աշխատանքներ:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, մահացածը վարորդի նշանածն է։–0–