ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Ակնալիճ գյուղի սկզբնամասում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 41-ամյա Էդգար Նազարյանի վարած Mercedes և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ, իսկ ուղևորը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ «Վաղարշապատ» ԲԿ, Mercedes-ի վարորդն էլ տեղափոխվել է Երևանի «Նաիրի» ԲԿ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, «Վաղարշապատ» և «Արմավիր» ԲԿ-ներից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորները, գիտակցության չգալով, մահացել են։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ամբողջական տվյալները։
Կայքի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում