ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ մ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 4 մարդ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Mazda-ի միջից և Արարատի հիվանդանոցի բժիշկների ու քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը Mazda-ի վարորդն էր, ով ապրում էր Արարատի մարզի Այգավան գյուղում, իսկ հիվանդանոց են տեղափոխվել նրա կինն ու 3 անչափահաս երեխաները: Իսկ Mercedes-ի վարորդն էլ վթարից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին: Քիչ առաջ տեղեկություն ստացվեց ոստիկանության Արարատի բաժին, որ Mercedes-ի վարորդը նույնպես դիմել է «Արարատ» բժշկական կենտրոն:–0–