Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են բեռնատարն ու Mercedes–ը, վերջինիս վարորդն ու ուղևորը տեղում մահացել են (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 21-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում բեռնատարը կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (Ուշիի ոլորաններ) բախվել են «Howo» մակնիշի բետոնամղիչ բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ա․) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․ )։ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Թ․ Հ․-ն տեղում մահացել են։
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատար ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարի խցիկից դուրս են բերել վարորդին ու ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մենուա Ասատրյանը։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկություններ՝ի վթարի մեղավորը եղել է «Howo» բեռնատարը, որը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mercedes»-ին, ապա՝ հողաթմբին, և կողաշրջվել։
«Mercedes»-ն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։