Վանաձորում դռան հետևում թաքնված տանտերը մուրճով հարվածել է դանակով տուն մտած գողի գլխին (ՎԻԴԵՈ)
13:55
11 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 5–ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Շինարարների փողոցում էին, երբ ժամը 11.40-ին ականատես եղան տարօրինակ տեսարանի: Բակից գլխապատառ դուրս էր վազում 30-35 տարեկան մի տամարդ, ընդ որում` գլխապատառ նաև բառի բուն իմաստով: Գլխի վերքն արնահոսում էր, ձեռնոցներով էր և ձեռքին էլ դանակ կար: Նրա հետևից վազում էր մուրճը ձեռքին մեկ այլ տղամարդ ու գոռում` բռնե՛ք:
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, Բազումի ոստիկանները` քրեական հետախույզն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչը, վազել են նրանց հետևից: Այդ ընթացքում արնահոսող տղամարդը ձեռքից գցել է դանակը, հանել ու նետել բանվորական ձեռնոցները, բայց ավելին անել չի հաջողվել. ոստիկանները բռնել են: Տեղում հանդարտեցնելով իրավիճակը`տարել են բաժին, որտեղ բոլոր հարցերը ստացել են սպառիչ պատասխաններ:
«Պարզվում է, որ մուրճով տղամարդը Շինարարների փողոցի բնակիչ է, իսկ դանակով զինվածը` հանցավոր մտադրություններով մեկը: Իսկ մինչ նրանց փողոց վազելը կատարվել էր հետևյալը. տանտերը տարօրինակ ձայն էր լսել և մոտեցել դռանը: Նայելով դիտանցքից` նկատել էր արևային ակնոցով ու բժշկական դիմակով մեկին, որը փորձում էր բացել դուռը: Հասկացել էր, որ նա եկել է գողության: Հանցագործությունը կանխելու, նաև ինքնապաշտպանության նպատակով վերցրել էր մուրճն ու թաքնվել դռան հետևում: Երկար չէր սպասել. տեխնիկական միջոցների գործադրմամբ դիմակավոր անձը բացել էր դուռը, բայց միայն մեկ-երկու քայլ էր կարողացել անել. թաքնված տանտերը մուրճով խփել էր գլխին: Հարվածից բնակարան մտած անձի ակնոցն ու դիմակն ընկել էին, ինքն էլ, գլխի արնահոսող վերքով, փախել էր փողոց», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գլխի վերքը մշակելուց և անհրաժեշտ գործողություններից հետո ոստիկանները 33-ամյա տղամարդուն ներկայացրել են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նա ձերբակալվել, ապա, դատարանի որոշմամբ, կալանավորվել է: