ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 4–ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, նոյեմբերի 4-ին, ժամը 14:10-ի սահմաններում, Տավուշի մարզի բժշկական կենտրոններից մեկից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրամվա և կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ն.Ռ.-ն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ հիվանդանոց տեղափոխվածին իր տանը, անկողնում անգիտակից վիճակում հայտնաբերել է նրա ազգականը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Նոյեմբերի 5-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որ Ն.Ռ.-ն՝ գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանները, ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, այնուհետև Տավուշի մարզում հայտնաբերել են այդ կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
Փաստերի ճնշման տակ նա խոստովանել է, որ ինքն է հարվածներ հասցրել և մարմնական վնասվածքներ պատճառել մահացածին: Կասկածյալը ձերբակալվել է։
Կայքի տեղեկություններով, նրա մոտ հայտնաբերվել է մահացածի տնից գողացված բջջային հեռախոսն ու լիցքավորիչը, իսկ վերնաշապիկի վրաառկա են եղել արնանման հետքեր, և ըստ կասկածների, հնարավոր է, դա լինի Ն.Ռ.-ի արյունը:
Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով:–0–