ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունիսի 13-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19:15-ի սահմաններում, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն էր:
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում տաք հետքերով պարզել են, որ Ա. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմաններում՝ 2009 թվականին սպանված «օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի գերեզմանի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով:
Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր հրազեններից արձակված 50-ից ավելի պարկուճներ, ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր, արնանման հետքեր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և ստեղծվել քննչական խումբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են
անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը
բացահայտելու, սպանություն կատարող անձին, դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիք
հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: –0–