Շիրակի մարզում ասֆալտ հարթեցնող ավտոմեքենա է կողաշրջվել. 23–ամյա վարորդը մահացել է, նա Արցախյան պատերազմի մասնակից էր (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 29-ին, ժամը 19:22-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «XGMA» մակնիշի ասֆալտ հարթեցնող ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1998 թ.) ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելիս նոր ճանապարհահատվածից (3 մետր բարձրություն) շրջվել և հայտնվել է հին ավտոճանապարհի վրա, վարորդը տեղում մահացել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Փրկարարները դուրս են բերել Ա․ Ա․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, մահացած վարորդը Արցախյան վերջին պատերազմի մասնակից էր։–0–

