Սևանի թերակղզու ռեստորաններից մեկում 500 եվրո կեղծ թղթադրամ է իրացվել. կա կալանավորված (ՎԻԴԵՈ)

09.08.2019, 21:00
Սևանի թերակղզու ռեստորաններից մեկում 500 եվրո կեղծ թղթադրամ է իրացվել. օպերատիվ գործողությունների արդյունքում բերման ենթարկվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ, ատրճանակ։
Սևանի թերակղզու ռեստորաններից մեկում 500 եվրո կեղծ թղթադրամ է իրացվել. կա կալանավորված (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացան, որ Սևանի թերակղզում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացվել։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, գլխավոր վարչության քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ, պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։

Հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին անձինք։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին։ Բերման ենթարկվածներից մեկի բնակարանում հայտնաբերվեցին ծխախոտի տուփերով մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես և ատրճանակ, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։ Մեկ անձ կալանավորվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։–0–