ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ նոյեմբերի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Shamshyan. com-ի հաղորդմամբ, ժամը 23։20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Վահե Հովհաննիսյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին՝ Աշտարակի կամրջի մոտ իր վարած «Vaz 21-06» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 50 մետր արգելապատնեշի մեջ մխրճված առաջ է ընթացել։
Վթարի հետևանքով Վ․ Հովհաննիսյանի ուղևորներ Արագածոտնի մարզի բնակիչներ 22- ամյա Ա. Թորոսյանը և 3-ամյա Վ. Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հոսպիտալացված Ա. Թորոսյանը և Վ. Հովհաննիսյանը հիվանդանոցում մահացել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ ևս գրանցվել է վերջինիս մահը։
Shamshyan. com-ի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին ու նրանց երեխան։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-