Քրվարույթ է հարուցվել մանկապարտեզից ԲԿ տեղափոխված 4–ամյա երեխայի մահվան դեպքով․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մանկապարտեզից ԲԿ տեղափոխված 4–ամյա երեխայի մահվան դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց, որ արտաքին զննությամբ երեխայի մարմնին բռնության հետքեր չեն եղել։
«Մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ», – ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Կիևյան 5 հասցեում գործող մանկապարտեզից «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 4–ամյա Ն․ Ե․–ն, ով հիվանդանոցում մահացել է։ ՆԳՆ–ից հայտնել են, որ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Միաժամանակ հայտնի դարձավ, որ երեխայի ինքնազգացողությունը մանկապարտեզում վատացել է, մանկապարտեզի աշխատակիցները շտապ օգնություն են կանչել։ Չեն սպասել շտապօգնության մեքենայի ժամանմանը, սեփական մեքենայով տեղափոխել են Արաբկիր ԲԿ, որտեղ, ցավոք, բժիշկները երեխայի կյանքը փրկել չեն կարողացել։