Մոսկվայի բնակելի համալիրներից մեկում պայթյուն է որոտացել, վիրավորվել է Արմեն Սարգսյանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, պայթյունը գրանցվել է առավոտյան Ավիացիոննայա փողոցում գտնվող շենքի մուտքի մոտ։ Հայտնի է չորս վիրավորի և մեկ զոհի մասին (առկա տեղեկություններով՝ նա Սարգսյանի անվտանգության աշխատակիցն է)։
«Սարգսյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրան նախապատրաստում են վիրահատության։ Առայժմ բժիշկները ոչ մի կանխատեսում չեն արել», – ասել է գործակալության զրուցակիցը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայր է ժամանել Հյուսիսարևմտյան վարչական շրջանի դատախազ Մաքսիմ Կիսելյովը։ Մոսկվայի քննչական կոմիտեի քննիչներն ու քրեագետները օպերատիվ ծառայությունների հետ միասին կատարում են դեպքի վայրի զննություն։
Օպերատիվ ծառայությունների տվյալներով՝ պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է մինչև 1 կգ տրոտիլին համարժեք։ Նշվում է, որ պայթյունի նպատակը սպանության փորձն է եղել։ Այն պատվիրվել է և մանրակրկիտ պլանավորվել:
Ականատեսների հրապարակած կադրերում երևում են պայթյունից հետո առաջին րոպեները։