Մի քանի օր Սևանա լճում որոնվող տղամարդը զանգել է ընկերներին

09.09.2024, 13:20
Սեպտեմբերի 5–ից Սևանա լճում որոնվող տղամարդը զանգել է ընկերներին
Մի քանի օր Սևանա լճում որոնվող տղամարդը զանգել է ընկերներին

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, իր ընկերների հետ է հեռախոսով կապ հաստատել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ն և հայտնել, որ իզուր են իրեն մի քանի օր ջրափրկարարները, ջրասուզակներն ու ոստիկանները որոնում, ինքը ողջ է, կգա և ամեն ինչ կասի, թե ինչ է իրականում տեղի ունեցել, հաղորդում է shamshyan.com–ը։

Միքայել Ս–ն սեպտեմբերի 5-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած, նրա ընկերներն ու բարեկամները նրան պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել էին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ անտառում, իսկ նրա հագուստը՝ ավտոմեքենայից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ լճի ափին։

Օրեր շարունակ ջրափրկարարները, ջրասուզակները, ոստիկանները, գյուղացիները, ինչպես նաև նրա մի քանի ընկերներ որոնողական աշխատանքներ են իրականացրել, որին նաև մասնակցել են քննիչներ։

Իսկ նրա կորելու փաստով Մարտունու քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ նա արդեն հեռախոսային կապ է հաստատել նաև ոստիկանության Մաշտոցի և Մարտունու բաժինների ղեկավարների հետ ու հայտնել այն, ինչ-որ իր ընկերներին է ասել, թե կգամ ու պատճառը կասեմ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։