Մատների ամպուտացիա և անչափահասների ալկոհոլային թունավորում․ ինչպես են Հայաստանում դիմավորել Ամանորը

05.01.2024, 11:44
Մատների ամպուտացիա և 10-15 տարեկանների ալկոհոլային թունավորում․ ինչպես են Հայաստանում դիմավորել Ամանորը
Մատների ամպուտացիա և անչափահասների ալկոհոլային թունավորում․ ինչպես են Հայաստանում դիմավորել Ամանորը
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը հայտնել է, որ տոնական այս օրերին արձանագրվել են ինչպես թունավորման, այնպես էլ պայթուցիկներից, հրավառությունից և ճայթուկներից վնասվածքների դեպքեր:

Նա նշել է, որ համալսարանական հիվանդանոցային համալիրներ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են տարբեր տարիքային խմբի քաղաքացիներ` տարաբնույթ գանգատներով:

Մասնավորապես` «Հերացի» թիվ 1 հիվանդանոց դիմած պացիենտների վնասվածքների մեծ մասի համար հիմք են հանդիսացել պայթուցիկները, որից տուժել է թվով 5 քաղաքացի, նրանցից 2-ի մոտ եղել է ձախ դաստակի մատների ամպուտացիայի կարիք, իսկ 2 պացիենտի մոտ արձանագրվել է պատռված վերք, 1-ի մոտ` մատի վնասվածք:

«Մուրացան» հիվանդանոցային համալիր դեկտեմբերի 31-ին արդեն իսկ դիմել է մեկ քաղաքացի, ում մոտ հրավառության պատճառով վնասվածք է արձանագրվել:

Տոնական այս օրերին գրանցվել է 18 թունավորման դեպք, որից 5-ը շմոլ գազից, 5-ը քիմիական թունավորում և ևս 8-ը ալկոհոլային թունավորմամբ են ընդունվել:

«Հատկանշական է, որ ալկոհոլային թունավորումները գրանցվել են 10-15 տարեկան անչափահաս երեխաների մոտ` մեկ 10 տարեկան, երկու 16 տարեկան և երեք 15 տարեկան», – նշել է Մուրադյանը։–0–