Մաշտոցի պողոտայում մեքենան մխրճվել է ծաղկի սրահի մեջ, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, փետրվարի 23-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկա» ՍՊԸ-ի մոտակայքում, ավտոմեքենան մխրճվել է ծաղկի սրահի մեջ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
«Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծաղկի սրահի մեջ, ինչի հետևանքով կոտրվել են սրահի ապակիները և վնասվել՝ ծաղիկները։ Սրահի աշխատակիցներ Ա․ Մ․-ն (ծնված 1986 թ․) և Ա․ Գ․-ն (ծնված 1981 թ․) ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։–0–