Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Սևանում․ հանգստյան գոտիներից մեկում կրակոցներ են հնչել, կա 1 զոհ և վիրավորներ

18.07.2024, 10:27
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություն Սևանում
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Սևանում․ հանգստյան գոտիներից մեկում կրակոցներ են հնչել, կա 1 զոհ և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել 3 քաղաքացու։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի բակում հայտնաբերել են ատրճանակից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, իսկ առանձնասենյակներից մեկում հայտնաբերել են ատրճանակ։

Մինչ փորձաքրեագետները աշխատում էին դեպքի վայրում, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքներով «Սևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ա․Ֆ․–ն, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Է․Ֆ–ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Ա․Ա․–ն։

Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ա․ Ա․–ն, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանություն, սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով, վիճաբանությունը, որը հետո վերածվել է կրակոցների, «մի կաթիլ մեղրի» պատմություն է եղել։ Մահացած Ա․Ա․–ն Սևանում հայտնի ատամնաբույժ էր։ Ոստիկանները կարողացել են մասնակիցներից մի քանիսին տաք հետքերով վնասազերծեն, որոնցից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։