Լոռիում ծայրահեղ վատ պայմաններում ապրող ընտանիք է հայտնաբերվել․ 2,5 տարեկան երեխայի մոտ ախտորոշվել է թոքաբորբ և վերջույթների ցրտահարություն

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Վ․ Կ․-ն գտնվում է ծայրահեղ անխնամ վիճակում, տնային պայմանները խիստ անբավարար են, ինչը կարող է վտանգ սպառնալ երեխայի կյանքի և առողջության համար:
Արդեն փետրվարի 21-ին, համայնքային ոստիկանը, սոցաշխատակցի, տեղամասի մանկաբույժի հետ կատարված համատեղ տնայցի ժամանակ պարզել է, որ անչափահաս երեխան գտնվում է անխնամ վիճակում, տանը բացակայում են կոմունալ բոլոր նվազագույն պայմանները, տունը ընդհանրապես ջեռուցված չի եղել:
Կայքի տեղեկություններով՝ մանկաբույժը երեխաների ծնողներին՝ Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Անի Կ.-ին և ամուսնուն՝ 59-ամյա Վաչագան Զ-ին տեղեկացրել է, որ երեխային անհրաժեշտ է բուժհետազոտություն և բուժում, սակայն նրանք հրաժարվել են երեխային բուժզննման նպատակով հիվանդանոց տանելուց, որից հետո մանկաբույժի ուղեկցությամբ երեխան առանց ծնողների շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ անչափահաս երեխայի մոտ ախտորոշվել է «երկկողմանի մանր օջախային թոքաբորբ, զույգ դաստակների և զույգ ոտնաթաթերի առաջին աստիճանի ցրտահարություն»:
Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։