Կրակոցներ Երևանում. շենքի մուտքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել

01.05.2023, 12:00
Երևանի շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել, մուտքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել
Կրակոցներ Երևանում. շենքի մուտքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ ապրիլի 30-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց արնահոսող տղամարդ կա, ով անգիտակից վիճակում է։

Բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 2 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ և 1 կրակված գնդակ, իսկ մուտքի ալյումինե դռան վրա՝ կրակոցի հետք։


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն շենքի բնակիչ 54-ամյա Սողոմոն Վ․-ն է, ում ուղղությամբ և կյանքից զրկելու նպատակով՝ անհայտ անձը դեռևս չպարզված տեսակի ատրճանակից 2 անգամ կրակոց է արձակել։

Դեպքի փաստով՝ քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։-0-