Խոշոր ավտովթար՝ Եղվարդ–Զովունի ճանապարհին․ 6 մարդ հոսպիտալացվել է

18.10.2024, 21:58
Մեքենան 10 մետր գլորվել է․ կա 6 տուժած
Խոշոր ավտովթար՝ Եղվարդ–Զովունի ճանապարհին․ 6 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 18-ին, ժամը 18։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Nissan» (վարորդ՝ Վ․ Հ․) մակնիշների ավտոմեքենանները, ինչի հետևանքով «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10 մետր): 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 5 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեկ տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։