Ժամկետային զինծառայողներ են ձերբակալվել խմբով սպային ծեծելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ժամկետային զինծառայողներ են ձերբակալվել խմբով սպային ծեծելու կասկածանքով։
Ինչպես Facebook–յան էջում տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը, ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը), և 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը) նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, ևս երեք պարտադիր ժամկետային զինծառայողներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:–0–