Իսկական մարտաֆիլմ Երևանում․ մասնակիցների թիվն անցնում է 20–ից, կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից»

10.04.2024, 09:51
Իսկական մարտաֆիլմ Երևանում․ մասնակիցների թիվն անցնում է 20–ից, կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից»
Իսկական մարտաֆիլմ Երևանում․ մասնակիցների թիվն անցնում է 20–ից, կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից»
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում։

 Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22։30-ից միչև 22։50-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի փողոցի 35 շենքի հարակից բակում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ տարբեր զինատեսակներից կրակոցներ են հնչել:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 13 հատ «Կալաշնիկով» ինքնաձիգի 5.45 մմ և 3 հատ «Մակարով» տիպի ատրճանակի 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 297 հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով, քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 5-ի ժամը 16։30-ին Երևան քաղաքի Խորենացի փողոցի 24 հասցեի մոտ Երևանի բնակիչներ 32-ամյա Դ․Խ–ն և 30-ամյա Ս․Խ–ն վիճաբանել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Կ․Հ․–ի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս, որից հետո Կ․Հ–ն իր ընկերներ Երևանի բնակիչ 27-ամյա Ս․Ս․–ի, Երևանի բնակիչ 26-ամյա Մ․Կ․–ի, 28-ամյա Հ․Ս․–ի հետ իր կողմից շահագործվող «Kia» մակնիշի ավտոմեքենայով, Երևանի բնակիչներ 24-ամյա Ն․Բ․–ի, 30-ամյա Զ․Զ․–ի , 21-ամյա Ա․Գ․–ի, 23-ամյա Գ․Բ․–ի, 27-ամյա Ս․Պ․–, Ա․Ս․–ի հետ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Շիրակի փողոցի 35 հասցեի մոտ նկատել են Դ․Խ․–ին, ում հետ եղել են վերջինիս ընկերներ Երևանի բնակիչներ 30-ամյա Ս․Խ․–ն իր կողմից շահագործվող «Mazda» մակնիշի ավտոմեքենայով, 28-ամյա Դ․Ղ․–ն, 33-ամյա Ն․ Ա․–ն իր կողմից շահագործվող «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Մ․ Պ․–ն իր կողմից շահագործվող «Toyota» ,մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Ա․Ա․–ն, 37-ամյա Գ․Հ․–ն, 37-ամյա Վ․Գ․–ն, 39-ամյա Ռ․Ս․–ն, 35-ամյա Ն․Ա․–ն, 33-ամյա Ժ․Կ․–ն իր կողմից շահագործվող «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով, 30-ամյա Կ․Ն․–ն իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, 31-ամյա Ա․Մ․–ն իր կողմից վարած «Bentli» մակնիշի ավտոմեքենայով, 33-ամյա Գ․Ի․–ն, գտնվելով նշված հասցեում, իսկ Կ. Հ․–ի ընկեր Ս․Ս․–ն, լինելով իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ նստատեղում մեքենայի միջից իր մոտ պահվող ատրճանակով կրակել է Դ․Խ․–ի և վերջինիս ընկերների ուղղությամբ, որից հետո Դ․Խ․–ի ընկեր Մ․Պ․–ն իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ և մարմնական վնասվածք պատճառել Ս․Ս․–ին:

Կ.Հ․–ի և նրա ընկերների հեռանալու ընթացքում Գ․Ի․–ն իր մոտ եղած «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ է արձակել Կ․Հ․–ի և նրա ընկերների ուղղությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց, հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։