Իսկական կինո. Երևանում Mercedes–ի վարորդը հրաժարվել է ներկայացնել վարորդական իրավունքն ու մեքենայով դիմել է փախուստի` հասնելով Աշտարակ (ՎԻԴԵՈ)
14:48
13 Դեկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում կարգազանց վարորդը Չէի ենթարկվել ճանապարհային ոստիկանների «կանգառ» ազդանշանին ու մեքենայով դիմել է փախուստի։
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողները Մոնթե Մելքոնյան փողոցում կագնեցրել են արագությունը գերազանցած «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան, հայտնել վարորդին երթևեկության կանոնները խախտելու մասին և պահանջել մեքենայի փաստաթղթերը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Սակայն վարորդը հրաժարվել է ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը և մեքենայով դիմել է փախուստի: Չենթարկվելով Ճանապահային ոստիկանների «կանգառ» ազդանշանին` կարգազանց վարորդը «Մերսեդեսով» ուղևորվել է Աշտարակ քաղաք` կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ինչպես մյուս վարորդների ու հետիոտների, այնպես էլ Ճանապահային ոստիկանների նկատմամբ:
Աշտարակ քաղաքում, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և Աշտարակի բաժնի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով, իրավապահներին հաջողվել է կանգնեցնել «Մերսեդեսը»:
Մեքենան տեղափոխվել է Երևան` ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
«Կարգազանց վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց զատ տարվել է նաև բացատրական աշխատանք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները` հիշեցնելով, որ արտոնյալ վարորդներ չկան: Օրենքի առաջ հավասար են բոլորը:–0–