IPhone վաճառողները հայտնվել են հանցագործների թիրախում. ոստիկանությունը զգուշացնում է (ՎԻԴԵՈ)
12:13
24 Մայիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունում արձանագրվող դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ վերջերս արձանագրվում է խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեխանիզմ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հանցավոր նպատակ ունեցող անձինք առուվաճառքի կայքերում գտնում են «Այֆոն» բջջային հեռախոսների վաճառքի հայտարարություններ։ Հեռախոսային ուղիղ կապով կամ բջջային հավելվածի միջոցով զանգում են վաճառողին և բջջային հեռախոսի աշխատունակության հետ կապված հարցեր տալիս։ Այնուհետև վաճառողին տրամադրում են իրենց «այքլաուդի» մուտքանունն ու գաղտնաբառը և խնդրում, որ նա դրանք հավաքի իր հեռախոսում, որպեսզի գնորդը իբր համոզվի՝ վաճառվող հեռախոսը աշխատունակ է, թե՝ ոչ։
Բջջային հեռախոսը վաճառող անձը, հավատալով գնորդի ազնվությանը, իր հեռախոսում հավաքում է գնորդի տրամադրած «այքլաուդի» մուտքանունն ու գաղտնաբառը, ինչից հետո գնորդը փոխում է «այքլաուդի» գաղտնաբառը՝ վաճառողին զրկելով իր հեռախոսն ամբողջ ծավալով օգտագործելու հնարավարությունից։ Բացի այդ, հանցավորը ցանկացած պահի հնարավորություն է ունենում արգելափակել բջջային հեռախոսը, ջնջել առկա տեղեկատվությունը կամ կատարել այլ վնասաբեր գործողություններ։
Որոշ ժամանակ անց նույն անձը կրկին կապ է հաստատում բջջային հեռախոսը վաճառողի հետ և սպառնում, որ եթե իրեն տերմինալի միջոցով չուղարկի որոշակի գումար, ապա կջնջի բջջային հեռախոսի տվյալները կամ կարգելափակի։
«Նմանատիպ դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդում է ստացվել ոստիկանության բաժիններում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրեք անծանոթ անձանց օգտահաշիվների տվյալները, ինչպես և բջջային հեռախոսներում չմուտքագրել այլոց օգտահաշիվների տվյալները՝ նման իրավիճակներում չհայտնվելու համար։
Իսկ եթե արդեն դարձել եք նման հանցագործության զոհ, դիմեք ոստիկանություն։–0–