ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի ռեստորաններից մեկում։
ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 03:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող արագ սննդի կետում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պազվել է, որ հրդեհը բռնկվել է Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Հին Էրիվան» ռեստորանում:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:10-ին, մարվել՝ 05:17-ին: Ռեստորանի 1-ին հարկում այրվել են գույքը և փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ), 2-րդ և 3-րդ հարկերում՝ աստիճանավանդակները և պատերի երեսպատումը (յուրաքանչյուր հարկում՝ մոտ 50 քմ), ջերմահարվել են միջանցքի դռները և պատուհանները (մոտ 50 քմ)», – նշվում է հաղորդագրության մեջ:
Փրկարարները տարահանել են երկու աշխատակցի, մեկ անձ ձեռքերի հատվածում ստացել է այրվածքներ․ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում