ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի լույս 13-ի գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները:
«Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։ Տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հրազդանի 45-ամյա բնակիչը, որը նախկինում դատապարտվել էր, մահացել է։ Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։
Shamshyan.com–ը ներկայացրել է միջադեպի մանրամասները` նշելով, որ չարագործը մուտք է գործել անասնագոմ։
Պարեկները բազմաթիվ անգամ զգուշացրել են, ինչից հետո անասնագոմից դեմքը ծածկած դուրս է եկել մի տղամարդ, ում ձեռքին կացին է եղել։
Վերջինս պահանջել է, որպեսզի ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցները չմոտենան իրեն, հեռանան և պահանջել է, որպեսզի չփորձեն իրեն բռնել։ Հակառակ դեպքում՝ ձեռքին եղած կացնով կսպանի բոլորին։
Դրանից հետո, տեսնելով, որ ոստիկաններն ու պարեկները չեն հեռանում ու դարձյալ պահանջում են, որպեսզի նա ցած դնի կացինն ու ինքնակամ հանձնվի` տղամարդը կացինը ձեռքին սկսել է անկանոն շարժումներ կատարել և հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա։
Այդ ժամանակ պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակել օդ։ Սակայն այդ կրակոցներն էլ չեն կանխել քաղաքացու հարձակումը պարեկների ու ոստիկանների վրա, որից հետո զգալով, որ վտանգը դառնում է իրական` պարեկը 1 անգամ կրակոց է արձակել իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում