Հրապարակվել են կադրեր Երևան–Իջևան ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարի վայրից, որի հետևանքով 3–ամյա աղջնակ է մահացել (ՎԻԴԵՈ)
14:52
30 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. օգոստոսի 29-ին` ժամը 19:10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 139-րդ կ/մ հատվածում միմյանց են բախվել «MERSEDES BENZ» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով նշված ավտոմեքենաների վարորդները և «MERSEDES BENZ» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևորները, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ ուղևորներից մեկը՝ 3-ամյա աղջիկը, մահացել է, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–