Հիվանդի երկու որդիները դանակի սպառնալիքով և հայհոյանքներով հարձակվել են շտապօգնության խմբի վրա․ նրանք ձերբակալվել են

16.01.2024, 14:01
Ոստիկանությունը պարզաբանում է գիշերը շտապօգնության խմբի նկատմամբ իրականացված բռնության միջադեպը
Հիվանդի երկու որդիները դանակի սպառնալիքով և հայհոյանքներով հարձակվել են շտապօգնության խմբի վրա․ նրանք ձերբակալվել են
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 16-ին, ժամը 3.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել շտապօգնության մեքենայի վարորդը և հայտնել, որ կանչով մեկնել են Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկը, որտեղ դանակով հարձակվել են իրենց վրա, ինքը փախել է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ահազանգով նշված հասցե են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները:
Պարզվել է, որ հիվանդի երկու որդիները դանակի սպառնալիքով և հայհոյանքներով հարձակվել են շտապօգնության խմբի վրա:

Պարեկները սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 34-ամյա և 38-ամյա երիտասարդներին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշենք, որ հունվարի 13–ին Երևանում երկու եղբայրներ ծեծի էին ենթարկել շտապօգնության բժշկին։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ տվյալ հասցեի բնակիչները դեղորայքի ներարկման հետ կապված վիճաբանել են բժշկի հետ, ինչի ընթացքում հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

23 և 24-ամյա եղբայրները մարմնական վնասվածքներ պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են ու ներկայացվել նախաքննական մարմնին։–0–