ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 9-ի` ժամը 11-ի դրությամբ, շարունակվում են հայտնաբերվել աղիքային հիվանդության նոր դեպքեր:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, իրականացված համաճարակաբանական հետազոտության և բակային համայցի ընթացքում հայտնաբերվել է ևս 28 նոր դեպք:
Ընդհանուր դեպքերի թիվը 73 է, որից 64-ը հոսպիտալացված են, մնացած 9-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:
«Ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը: Մանրէաբանական հետազոտության նպատակով վերցված ջրի 12 նմուշից 7-ում հայտնաբերվել է շեղում, պացիենտներից վերցված 64 նմուշից 10-ում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում