Հարսի ու փեսայի շուրջ «դրիֆթ» արած վարորդները ձերբակալվել են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության ժամանակ, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները` կատարելով, այսպես կոչված, «դրիֆթ», հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Հասարակական կարգը խախտում են նաև հարսանեկան արարողության մասնակից մի քանի «Մերսեդեսի» վարորդներ` երթևեկելի գոտում «դրիֆթ» կատարելու ընթացքում մեքենաներով փակելով ճանապարհը:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի համայնքային բաժնի և Արմավիրի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԲՄՎ»-ն և «Մերսեդեսները» վարողների ինքնությունը:
Խուլիգանություն կատարելու կասկածանքով երեք տղամարդ ձերբակալվել և ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին։
Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: