Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին, դաժան վերաբերվել նրանց հետ

13.01.2025, 16:14
Դայակն ու բուժքույրն ազատվել են աշխատանքից
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին, դաժան վերաբերվել նրանց հետ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Դատախազը 2025 թվականի հունվարի 3-ին հաստատել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույր Ն.Մ.-ի և դայակ Ռ․Հ․-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

 Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, վերոնշյալ անձինք պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի խմբասենյակներից մեկի երեխաներին, նրանց նկատմամբ դրսևորել են դաժան վերաբերմունք:

Քրեական վարույթով պարզվել է, որ բուժքույր Ն.Մ.-ն և դայակ Ռ․Հ․-ն, օգտվելով այն հանգամանքից, որ ՊՈԱԿ-ի շահառուներն իրենց անօգնական վիճակի՝ հիվանդության, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների, տարիքի, ֆիզիկապես թույլ լինելու և այլ պատճառներով չեն կարող պաշտպանել իրենց շահերը, 2024 թվականի ընթացքում՝ իրենց հերթափոխի ժամանակ, պարբերաբար, հարվածներ են հասցրել և բռնի այլ գործողություններ են կատարել խնամարկյալների նկատմամբ:Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) (3 դրվագ) և Ն․Մ․-ի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (4 դրվագ):

 2025 թվականի հունվարի 3-ին Ռ.Մ.-ի և Ն.Մ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է իրավասու դատարան:

«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի բուժքույր Ն.Մ.-ն և դայակ Ռ․Հ․-ն ազատված են աշխատանքից:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: