Գրպանահատը 65-ամյա կին էր. Սպիտակում գրպանահատության դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
17:17
07 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 3-ին ոստիկանության Սպիտակի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի սուպերմարկետի դրամարկղի մոտ վերարկուի գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ մոտ 100 հազար դրամ էր, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Գաղտնի հափշտակությունը բացահայտվեց հաղորդումից րոպեներ անց՝ քրեական հետախույզների արագ և օպերատիվ արձագանքման շնորհիվ:
«Անհետաձգելի միջոցառումներով նրանք պարզեցին, որ տուժողի դրամապանակը գողացել է Երևանում հաշվառված 65-ամյա մի կին: Ժամը 17-ի սահմաններում կասկածվողը Ապարան քաղաքի Գայի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Սպիտակի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:-0-