ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 13-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության:
«Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի: Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 15։29–ին երկրաշարժ է
գրանցվել Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ։
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:-0-