ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ, դեկտեմբերի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ մահացածի մարմնի կողային հատվածում կա հրազենային վնասվածք, իսկ գլխի և մարմնի մասերում՝ վնասվածքի հետքեր։
Մինչ դատաբժիշկը կզններ դին, ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ սպանվածը Էջմիածին քաղաքի բնակիչ 33-ամյա Արաքսյա Ղ․-ն էր։ Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ։
Ձեռարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը հիվանդանոց է տեղափոխվել Nissan մակնիշի ավտոմեքենայով։ Նշված սպանությունը կատարեու կասկածանքով՝ Էջմիածնի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել Վաղարշապատի քննչական բաժին։ Հայտանբերվել է նաև Nissan մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է կրակոցի հետք։
Կայքի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Շահեն Վ․-ն է։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ներսիսյանը։–0–