Չորս երիտասարդ դանակահարված վիճակում հոսպիտալացվել է. Երևանում գիշերը սպանության փորձ է տեղի ունեցել

13.07.2022, 12:49
Չորս երիտասարդ դանակահարված վիճակում հոսպիտալացվել է. Երևանում գիշերը սպանության փորձ է տեղի ունեցել
Չորս երիտասարդ դանակահարված վիճակում հոսպիտալացվել է. Երևանում գիշերը սպանության փորձ է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (մահափորձ) և 167-րդ հոդվածի 1-ին մասով (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանում կատարված սպանության փորձի և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Դեպքի վերաբերյալ ահազանգերը ստացվել են հուլիսի 13-ին՝ ժամը 01:05-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, ըստ որոնց Գյումրու 21-ամյա բնակիչը՝ «Ագոնալ վիճակ, ձախ կեսի կտրած-ծակած վերք», նույն քաղաքի մեկ այլ 21-ամյա բնակիչ՝ «Պոլիտրավմա», Երևանի 20-ամյա բնակիչը՝ «Ձախ աչքի կոպերի ենթամաշկային հետնամաս, կոռնիսկրելատ բարդ թափանցող վնասվածք» և Երևանի 19-ամյա բնակիչը՝ «Կրծքավանդակի աջ կեսի պատռված վերք» ախտորոշումներով, տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ երիտասարդները հիշյալ վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի Քանաքեռցու փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Քրեական վարույթի շրջանակներում երիտասարդները ճանաչվել են տուժող, կատարվել են զննություններ, առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-