Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդն անհայտ առարկայով հարվածել է 86–ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակահարել է նրան

19.10.2024, 13:40
63–ամյա տղամարդն անհայտ առարկայով հարվածել է 86–ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակահարել է նրան
Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդն անհայտ առարկայով հարվածել է 86–ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակահարել է նրան

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արզումանյան փողոցի հասցեներից մեկին մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 86-ամյա Ռուբիկ Պ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ԳՈՒՎ, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ և 63-ամյա Վարդան Բ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել են, որ նույն օրը ժամը 14։00-ին Սիսակյան փողոցի շենքերից մեկում Կոտայքի մարզի բնակիչ 84-ամյա Ն․ Թ․-ի ներկայությամբ միմյանց հետ վիճաբանության ժամանակ, Վարդան Բ․-ն չպարզված առարկայով հարվածել է Ռուբիկ Պ․-ի գլխին, իսկ Ռուբիկ Պ․-ն դանակով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Դեպքի փաստով  փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։